Գուցե ՀԺ-ն լարի հիշողությունը և հիշի, թե Հայաստանի ղեկավարներից ո՞վ էր Ալիևին համարում կիրթ ու կառուցողական
ՀԺ-ն մի հակաՍերժական հոդված է հրապարակել, որտեղ մի անհեթեթությանը հաջորդում է մեկ այլ անհեթեթություն:
Ըստ այդ հոդվածի վերնագրի` Ալիևը ներկայացվում է, որպես Սերժ Սարգսյանի սիրելի դասական, սակայն թե հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ասված ո՞ր խոսքի համար է նման հիմարություն երկնել ՀԺ, անհայտ է:
Բայց եթե խոսքը գնում է «սիրելի ու դասական» հասկացողություններին, գուցե ՀԺ-ն լարի հիշողությունը և հիշի, թե Հայաստանի ղեկավարներից ո՞վ էր Ալիևին համարում կիրթ ու կառուցողական և միանգամից պարզ կդառնա, թե իրականում ում համար էր Ալիևը սիրելի դասական: Սա զուտ վերնագրի պահով:
Անցնենք առաջ: ՀԺ-ն գրում է. «Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ գլխավոր բանակցողը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ, ուշադրություն, վատ, անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ բանակցող է, այլ․․․ քանի որ հակառակորդ կողմը՝ Ալիևը, նրա հասցեին «փիս-փիս» բաներ է ասել»։
Հոդվածագիրը երևի հենց նոր կոմայից է դուրս եկել և քնած է եղել առնվազն 5 տարի և Սերժ Սարգսյանի բազմաթիվ հարցազրույցներից և գնահատականներից լսել է միայն այս վերջին ասածները, այն էլ այս մեկ նախադասությունը: Այդ ում համար է նորություն, որ բանակցողը վատ բանակցող է, ոչ պրոֆեսիոնալ և այլն, այսինքն Սերժ Սարգսյանը պետք է ձեր ուզած բառերը ասեր հա՞: Նա բազմաթիվ անգամ ասել է, նման գնահատականներ վաղուց տրվել են և նախագահի, և իր թիմի կողմից ու արդեն շուրջ 5 տարի:
Ինչ վերաբերում է 800 հեկտարի էժանագին մանիպուլյացիաներին, դա արդեն իրոք «գերդոզավորում» ստացած հեղինակի անհեթեթություն է, ավելի լավ կլիներ հոդվածագիրը ճշտեր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից, որի շոուն ևս չստացվեց:
Դե իսկ ԵԱՏՄ մտնելու մեկ կամ երկու գիշերվա պահը մատնացույց անողները գոնե պետք է հասկանան, որ եթե Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ ՀՀ միացրեց Մաքսային Միությանը, դուք մի գիշերվա մեջ ստորագրեցիք նոյեմբերի 9-ի փաստաթղթերը:
Թե ինչպիսի բանակցող էր Սերժ Սարգսյանը, ցույց է տալիս 2008-2018 թթ․ խաղաղությունը, երբ 2016 թ․ Ադրբեջանը չգնաց լայնածավալ հարձակման և չորս օրում կնքեց զինադադար, և մենք ապրեցինք խաղաղ ժամանակաշրջանում, երբ կար հզոր բանակ, ազատ Արցախ և ուժեղ պետական համակարգ, որն իր բոլոր թերություններով հանդերձ, ավելի լավն էր և կայացած:
Շատ բան կարելի էր թվարկել, բայց թերևս այսքանը…
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

