Արագածի լանջին կկառուցվի նոր էկո-գյուղ՝ 300 տներով, ջրամբար, հյուրանոցներ, լեռնադահուկային համալիր, ճոպանուղիներ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և այդ ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն տվեց հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին:
«Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներով: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Նաև կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 260 քմ ճանապարհ և 104 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր արժեքը կազմել է 190 մլն դոլար»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը նաև հավելեց, որ կառավարությունը համաձայնություն է տալու տարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վերաբերյալ որոշումը: «Մենք գերակա շահի մասին որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայնություն ենք տալու»,-ասաց Քերոբյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսեց ծրագրի ռիսկերից, որոնցից կարևորը ժամկետներն են. «7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Այսինքն պետք է կառուցված լինեն այն 300 տները, որոնք էկո-գյուղատնտեսական տնտեսություններ են, ջրամբարը, ամբողջ լեռնադահուկային համալիրն ու հյուրանոցները: Եթե 7-րդ տարվա ավարտին ծրագիրը չարձանագրվի որպես կայացած, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն տարածքների վարձակալման իրավունքից, կամ պետք է պատրաստ լինի տարեկան վճարել 500 մլն դրամ, որպեսզի շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքները այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացված ներդրումները»,-ասաց փոխվարչպետը:
Բացի այդ, Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռ 2018-ի նոյեմբերին, 2020-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր. «Բայց քովիդով, պատերազմով, նաև մրցակցային այլ ծրագրերով պայմանավորված 2021թ-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին»,– ասաց նախարարը։
Ներդրումային ծրագիրը ներկայացրել է «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ը։
Նշենք, որ այս տարածքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաև «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիոնատեր, Լիոնում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն է: Դրա վերաբերյալ կռավարության հետ կնքվել էր հուշագիր դեռևս 2020-ի սկզբին: Ծրագիրն իրականացվելու էր 3 փուլով, ընդհանուր ներդրումները պետք է կազմեին 350 մլն դոլար:

