ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանը

ԵՄ-ն Հաագայի դատարանի որոշումից հետո հայտարարություն է տարածել՝ դիմելով Ադրբեջանին, որ  ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի (ՄԴԴ) կողմից տրված պարտավորեցնող հրամանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

ԵՄ-ը շարունակում է անհանգստանալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքով առաջացած մարդասիրական հետևանքների կապակցությամբ:

Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։

ԵՄ-ը կրկնում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն:

Մենք նաև ընդգծում ենք ապահովելու կենսական անհրաժեշտությունը տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարում։ ԵՄ-ը շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։