Չգիտակցել, որ Թուրքիան էքսիզտենցիալ սպառնալիք է Հայաստանի համար, նշանակոմ է ոչինչ չհասկանալ․ թուրքագետ Ռուբեն Մելքոնյան
Թուրքիան անշեղորեն վարում է նույն արտաքին քաղաքականությունը՝ անկախ իշխանության մոտ գտնվող անձերից և քաղաքական ուժերից, Անկարայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մնում է անփոփոխ, մինչդեռ Հայաստանը հետևողականորեն կորցնում է իր պետական արժանապատվությունը Արևելքում։ Այս մասին Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովում ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Անկարայի վրա չի ազդի նաև Հայաստանի իշխանությունների այսպես կոչված դիվանագիտական համակցությունը, «գերհզոր» դիվանագիտական կոմբինացիան՝ սեյսմիկ, հումանիտար և այլն։ «Այդպիսի սենտիմենտները չեն կարող ազդել մի քանի հարյուր տարվա պետականություն ունեցող երկրի որոշումների վրա՝ այն էլ արևելյան տրամաբանությամբ, երբ Թուրքիան արևելյան սիրալիրությունների, շողոքորթության փայլուն կրողն ու գիտակն է»,-ասաց թուրքագետը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի կրտսեր գործընկերն է, բայց այս տարիների ընթացքում որոշակի կարգավիճակային փոփոխություն է եղել, և հիմա ոչ միայն ներկայանում է ամերիկյան շահի պրովայդեր, այլև ձգտում և որոշակի հաջողությունների է հասել՝ տարածաշրջանում փորձելով դառնալ գերտերություն իր յուրահատուկ շահերով, որոնք երբեմն կարող են ԱՄՆ շահերի հետ համընկնել, երբեմն՝ ոչ։
«Այսինքն՝ մենք գործ ունենք փոփոխված Թուրքիայի հետ՝ դրանից բխող այլ իրողություններով»,- նշեց թուրքագետը, հիշեցնելով, որ Թուրքիան ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակիցն է և Ադրբեջանի դաշնակիցը, հատկապես, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո, բայց եթե 1990-ականներին նա կաշկանդված էր, ապա այժմ գործում է շատ ավելի ազատ, հազվադեպ իր քայլերը համաձայնեցնելով մեծ տերությունների հետ։ Թուրքիան այսօր էլ ավելի ակտիվորեն համարվում է արցախյան կոնֆլիկտի մաս և շահառու։
«Հայաստանը պետք է փոխի Թուրքիայի հետ շփման ձևաչափը, հստակ գիտակցի այս երկրի կողմից բխող ակնհայտ սպառնալիքը»,- ասաց նա։
«Այս պարագայում չգիտակցել, որ Թուրքիան էքսիզտենցիալ սպառնալիք է Հայաստանի համար, նշանակոմ է ոչինչ չհասկանալ։ Իսկ ինչպես պետք է շփվել Թուրքիայի հետ։ Արևելքում անկախ պետության չափերից, բնակչության թվից, կա պետական արժանապատվության և դրա հանդեպ հարգանքի ինստիտուտ։ Թուրքիան էլ, այլ արևելյան երկրները դրան մեծ ուշադրություն են դարձնում։ Թուրքիան շփվել է ՀՀ նախկին նախագահների հետ, որոնք հաստատ նրա համար մնում էին թշնամի, բայց նրանց մասին ծաղրական երգեր չէին երգում ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում, նրանց հանդեպ այդպիսի վերաբերմունք չկար, այլ կար հարգանք՝ հաշվի առնելով այդ արևելյան պետականության, արժանապատվության գաղափարը։
Հիմա ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք կորցրել ենք նաև դա, հետևողականորեն կորցնում ենք պետական արժանապատվությունն Արևելքում։ Որքան էլ մեր ԱԳ նախարարը գնա Թուրքիա և նրանց ցավակցի, միևնույն է, չենք դառնալու հարգելի հյուրեր, գործընկերներ, քանի որ պարտված իշխանությունը, պարտված անձը չի կարող պետությունը ներկայացնել ոչ Արևելքում, ոչ Եվրոպայում, որ Լատինական Ամերիկայում։ Մյունխենյան հերթական խայտառակությունը և ամրագրումը ոչ թե Ալիևի մտքի փայլատակումն է, այլ օբյեկտիվ իրականության ամրագրումն էր, որ այս պարտված ուժը և անձը չի կարողանալու անգամ իր բուռն ցանկության դեպքում Հայաստանի շահերն ըստ արժանվույն ներկայացնել որևէ հարթակում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ներուժ, դրանում հատկապես կարևոր է ինտելեկտուալ ներուժը, իսկ ինտելեկտուալ Հայաստանն Արևելքում միշտ ունեցել է իր առանձնահատուկ դերը։
«Դա է բանաձը։ Կարծում եմ՝ բարդ իրավիճակում մեր ներուժի համադրմամբ կարողանալու ենք ուժեղացած, երկրաշարժից ցնցված, ագրեսիվ Թուրքիայի հետ շփման մեր բանաձևն ունենալ։ Դրա հնարավորությունը կա, ամենակարևորը՝ պետք է փոխել մարդուն, որը Մյունխենում կներկայացնի Հայաստանը շատ ավելի լավ»,- ընդգծեց թուրքագետը։

