Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հրավիրել են հակաիրանական տրամադրություններ ունեցող մի խումբ «ծաղրածուների»․ ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին մի շարք «հակաիրանական տրամադրություններ ունեցող ծաղրածուների հրավիրելու համար, որոնք ոչ մի ինքնություն չունեն», հաղորդում է Tasnim-ը:

Նա նաև  դատապարտել է Մյունխենի խորհրդաժողովի կազմակերպիչներին Իրանի ժողովրդի կողմից Իսլամական հեղափոխությանն աջակցությունն անտեսելու համար:

«Նրանք, ովքեր անտեսում են իրանցիների ճնշող մեծամասնության աննախադեպ ներկայության 44 տարին՝ ի պաշտպանություն իրենց երկրի, հեղափոխության և  ղեկավարության, և  հրավիրում են մի շարք առանց ինքնության ծաղրածուների (Մյունխենի համաժողովին-խմբ.), չեն հավատում ժողովրդավարությանը և  չգիտեն Իրանի հեղափոխությունն ու ժողովրդին»,-գրել է նա «Թվիթերի» իր էջում:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նախազգուշացրել է երկրի հակառակորդներին և  ընդդիմախոսներին, որ նրանք «շուտով ստիպված կլինեն ծնկի իջնել իրանական պետության համառության, հզորության և  մեծության առջև»։

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի չի հրավիրել Ռուսաստանի և  Իրանի ներկայացուցիչներին։