Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Վարչապետ Նատալյա Գավրիլիցան փետրվարի 10-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Հայտարարությունը հնչել է մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Point.md-ը։
Միևնույն ժամանակ, Գավրիլիցան ընդգծել է, որ վերջին շրջանում իր թիմի կողմից շատ նպատակներ են ձեռք բերվել:
Նա հավելել է, որ հաջողվել է պահպանել Մերձդնեստրում հանգիստ իրավիճակը, անցնել փախստականների ճգնաժամի, ինչպես նաև գազային ճգնաժամի միջով, հաջողվել է բարձրացնել աշխատավարձերը, առաջ շարժվել եվրաինտեգրման հարցում:
«Շահագործման են հանձնվել ճանապարհները, մենք բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, այդ թվում՝ էներգետիկայի հետ կապված։ Շատ միջոցներ են հատկացվել բիզնեսին աջակցելու համար։ Ամենակարևորն այն է, որ Մոլդովան դարձել է ԵՄ թեկնածու»,-հավելել է նա։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլորին կատարված աշխատանքի համար և հույս հայտնել, որ այդ աշխատանքը կշարունակվի:
«Ինձ համար պատիվ էր լինել այս երկրի վարչապետ։ Ես հավատում եմ Մոլդովայի ապագային»,-հավելել է Գավրիլիցան։
Նա քաղաքացիներին կոչ է արել համերաշխ լինել։

