Սահակաշվիլու կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը և սկսում է բողոքի ցույցեր
Վրացական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը խորհրդարանում և անցնում արտակարգ իրավիճակի ռեժիմի, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նոր նախագահ Լևան Խաբեիշվիլին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ձեր անհոգ կյանքն ավարտվեց»,- դիմել է Խաբեիշվիլին կառավարող կուսակցությանը Թբիլիսիի դատարանի որոշումից հետո, որը Միխեիլ Սահակաշվիլուն թողել է բանտում։
Նրա խոսքով՝ ՄԱՇ-ը «Վրացական երազանքի հետ խաղեր տալու» ժամանակ չունի, որովհետև Վրաստանի երրորդ նախագահի կյանքը վտանգված է։
Խաբեիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին կդառնա բողոքի կենտրոն, և տեղեկացրել է, որ վաղը մայրաքաղաքում սպասում է շրջաններից կուսակցության ներկայացուցիչներին՝ գործողությունների պլան մշակելու համար։
Լևան Խաբեիշվիլին ՄԱՇ նախագահ է դարձել ներկուսակցական ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հունվարի վերջին։ Նա փոխարինել է Նիկա Մելիային, որին ընդդիմադիրները մեղադրել են անվճռականության և անգործության մեջ՝ Միխեիլ Սահակաշվիլու հետ կապված իրավիճակում։
Վրաստանի կառավարող կուսակցությունում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի փոփոխությունն անվանել են ֆարս և հավաստիացրել, որ ՄԱՇ-ը «ինքնալուծարման փուլում» է։

