Մեծ պատերազմից 5 պակաս է

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Նիկոլը դժվար թե փորձված թանը փոխի անփորձ մածնի հետ. Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամին 2020թ. Արցախի շուրջ 75 տոկոսը ոչ թե փաստաթղթով հանձնեց Ադրբեջանին, այլ պատերազմով, փաստաթուղթը հետո ստորագրեց:

Հիմա էլ առավել հավանական է, որ նույն սցենարով Արցախի մնացած մասի հանձնումը լինի: Ի հավելումն դրա, պատշաճ պաշտպանություն չկազմակերպելով, Ադրբեջանին հնարավորություն տրվի Վայոց Ձորով, Ջերմուկի ուղղությամբ դեպի Նախիջևան միջանցք բացել կամ գուցե միջանցքներ (երկրորդն էլ` Սյունիքով), բացի Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից, Հայաստանից տարածքներ գրավել նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, իսկ «խաղաղության պայմանագիր» կոչվածը հետո ստորագրի, և ոչ թե իրադարձությունները զարգանան հակառակ հաջորդականությամբ` պայմանագիր, հետո պատերազմ…

Դե հետո, երբ իրեն անխուսափելիորեն կքննադատեն, կմեղադրեն պետական դավաճանության մեջ, կասեն ներքին թշնամի, Նիկոլը հավանաբար կփորձի արդարանալ` դե ես ի՞նչ անեի, մեղավորը ժողովուրդն է, կռվեիք, պաշտպանեիք, պահեիք, մանավանդ, որ ինքս էի զգուշացրել նախապատրաստվող կամ սպասվող ցեղասպանության մասին:

Նիկոլն, իհարկե, չի ասի, որ անցած ավելի քան 4 տարվա ընթացքում յուրայինների ու կամակատարների հետ միասին մեր բանակի գեներալիտետի, պրոֆեսիոնալ սպայակազմի հերը հիմնականում անիծել է, 44- օրյա պատերազմում մեր ռազմական տեխնիկայի, զենք- զինամթերքի մի հսկայական մասն Ադրբեջանի զինված ուժերի թիրախ ու ռազմավար դարձնելով, ինչպես նաև այլ կերպ` բանակի ռազմատեխնիկական, ռազմական կարողությունների հերն անիծել է, մի խոսքով, բանակի հերն անիծել է:

Իհարկե, չի ասի, որ հասարակությունը մասերի բաժանելով ու միմյանց թշնամացնելով, հասարակության ու նրա դիմադրելու, դիմակայելու  կարողության հերն անիծել, բյուջեից տարաբնույթ մսխումներով, վատնումներով, պետության ֆինանսական հնարավորությունների հերն անիծել է…

Իրադարձությունների զարգացումը հուշում է, որ մեծ պատերազմն արդեն շատ մոտ է, ինչպես ասում են նման դեպքերում, դրան 5 է պակաս… Արդեն տևական ժամանակ է, ինչ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մեր տարածաշրջանում ադրբեջանա- թուրքական տանդեմի միջոցով նախապատրաստում են մեծ պատերազմ` դրանում Ռուսաստանին ներքաշելու և այստեղ նրա համար երկրորդ ճակատ բացելու, Իրանի թիկունք դուրս գալու, եթե ՌԴ-ն վերոնշյալ պատերազմի մեջ չմտնի, ապա Անդրկովկասում ներկայությունից նրան ընդհանրապես զրկելու, ՆԱՏՕ-ի ուժերը մինչև Կովկասի սահման հասցնելու, ինչպես նաև այլ նպատակներով…

Արևմուտքի և ադրբեջանա- թուրքական տանդեմի շահերը համընկնում են. Թուրքիան Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար բռնազավթման ու հայաթափման, ինչպես նաև հիշյալ միջանցքի կամ միջանցքների բացման մեջ իր պանթուրքական ծրագիրն առաջ մղելու հնարավորություն է տեսնում:

Թուրքիայում և Ադրբեջանում հավանաբար հաշվարկել են, որ եթե փորձեն իրենց նպատակներին աստիճանաբար հասնել, այս փուլում ողջ Հայաստանը գրավելու, այստեղի բոլոր հայերին ցեղասպանելու խնդիր չդնեն իրենց առջև, բավարարվեն միայն Արցախի բռնազավթմամբ, հայաթափմամբ կամ, թեկուզ, նաև միջանցքի (միջանցքների) բացմամբ, ապա Ռուսաստանը դժվար թե դրա համար հայերին պաշտպանելով, պատերազմի մեջ մտնի Ադրբեջանի հետ:

Մեր թշնամիները հավանաբար մտածում են, որ ՌԴ-ն չի գնա այդ քայլին` նկատի ունենալով, որ դրանից անմիջապես հետո իր դեմ պատերազմելու է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, նրա հետ պաշտպանության ոլորտում փոխօգնության պայմանագրեր ունեցող Թուրքիան, իսկ Ռուսաստանը երկու ճակատով` Ուկրաինայի և ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ սովորական սպառազինությամբ պատերազմելու հնարավորություն չունի:

Մանավա՛նդ, որ Ուկրաինայի ետևում կանգնած Արևմուտքը կկանգնի նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, ընդհանրապես, ադրբեջանա- թուրքական տանդեմի ետևում, իսկ ՌԴ- ն միջուկային զենքից չի համարձակվի օգտվել, քանի որ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի և ողջ մարդկության բնաջնջման:

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանը մի խումբ «բնապահպանների» միջոցով դեկտեմբերի 3-ին ժամեր շարունակ փակել էր Գորիս- Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհը: Խնդիրն այդ օրը մի կերպ լուծվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջամտության, զորախմբի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում: Սակայն, ինչպես սպասելի էր, ընդամենը ժամանակավորապես…

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան ժամը մոտ 10:30-ից, կրկին բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն  է հրապարակել, որում մասնավորապես նշված է.

«Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ:

Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։

Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»։

Արդեն փաստվել է , որ «Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանների» թվում կան նախկին զինվորականներ»:

Գորիս- Ստեփանակերտ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ` չնայած նրան, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դժվար չէ կռահել, որ Պուտինն Ալիևին փորձել է համոզել բացել ճանապարհը, սակայն Ալիևը կամ մերժել է, մնացել անդրդվելի, կամ Հայաստանի համար բացելու դիմաց անընդունելի պահանջներ առաջադրել, օրինակ, դեպի Նախիջևան ոչ թե ճանապարհի, այլ իր իրավասության, տիրապետման ներքո գտնվող միջանցքի տրամադրում, կամ էլ, չմերժելով հանդերձ, փաստացի չի բացել, այսինքն` ցեղակիցներին չի հրահանգել բացել:

Վերոնշյալ հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման որոշ գործնական ասպեկտները, այդ թվում Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»:

Ընդգծենք, որ ադրբեջանական կողմը Գորիս- Ստեփանակերտ ավտոճանապարհը փակել է հենց 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես  նաև ս. թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի միջև ձեռք բերված համաձայնությունների կոպիտ խախտմամբ:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր այսօրվա հայտարարության մեջ միանգամայն ճիշտ է գնահատել ու ներկայացրել ադրբեջանցի իբր բնապահպան-ակտիվիստների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմաքաղաքական ղեկավարության հետապնդած նպատակները: Թովմասյանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:

Փակելով միջանցքը` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդում է մի քանի նպատակ.

Փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո:

Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը:

Ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը»:

Չնայած Արցախի ԱԺ նախագահն իր հայտարարությամբ Արցախի խորհրդարանի անունից միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և համարժեք զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, չնայած ԱՀ արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտելով պաշտոնական Բաքվի վերոնշյալ պահվածքը, կոչ է արել «միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ», այսուհանդերձ, Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը դեռ շարունակում է փակ մնալ:

Դատելով ամենից, Ադրբեջանն այս անգամ իր առջև ոչ թե օրվա կամ կարճաժամկետ խնդիր է դրել, այլ հիշյալ սադրանքով փորձում է իրադարձությունների զարգացումը տանել դեպի հայկական կողմի և (կամ) ռուսական խաղաղապահների հետ բախում և, ապա, մեծ պատերազմ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան