Ուկրաինան Չեխիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հռչակագիր է ստորագրել. Զելենսկի

Ուկրաինան Չեխիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին համատեղ հռչակագիր է ստորագրել՝ դաշինքին ինտեգրումն արագացնելու համար, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ չեխական կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Պետր Ֆիալան։

Ֆիալան և Չեխիայի կառավարության մի քանի անդամներ ժամանել են Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ:

«Այսօր ստորագրվեցին մի քանի կարևոր փաստաթղթեր: Հատկապես կցանկանայի նշել ՆԱՏՕ-ին անդամակցելու մեր համատեղ հռչակագիրը: Սա առաջին նման փաստաթուղթն է, որը մենք ընդունում ենք մեր եվրաատլանտյան ինտեգրացիան արագացնելու համար»,- ասվում է Զելենսկու թելեգրամյան ալիքում:

Նրա խոսքով՝ այս հռչակագրում ամրագրվելու է համագործակցության հետագա ամրապնդումը Ուկրաինայում ՆԱՏՕ-ի չափանիշներն ապահովելու համար։ Կիևը կձգտի նման փաստաթղթեր ստորագրել այլ երկրների հետ, հավելել է Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ Ուկրաինան արագացված կարգով Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմում է ներկայացրել։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ այժմ ժամանակը չէ, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։