ԻԼԻՊ-ի կողմնակից ԱՄՆ-ը չի կարող հանդես գալ որպես մարդու իրավունքների պաշտպան. Ռաիսի
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «ԻԼԻՊ-ի կողմնակից ԱՄՆ-ը չի կարող հանդես գալ որպես մարդու իրավունքների պաշտպան»: Այս մասին գրում է ParsToday-ը:
Չորեքշաբթի օրը, Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նահատակվել է 15 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, 30 ուխտավոր վիրավորվել է։
ՄԱԿ-ը և մեծ թվով երկրներ դատապարտել են այս ահաբեկչական գործողությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը:
Հինգշաբթի օրը, Զանջան նահանգ կատարած այցի ժամանակ Էբրահիմ Ռաիսին, խոսելով այն մասին, թե ով է ստեղծել ԻԼԻՊ-ը, աջակցել խմբավորմանն ու հնարավորություն տվել մուտք գործել տարածաշրջան, ասել է․ «Այսօր Իրանի ժողովրդի և աշխարհի ազատատենչ ժողովուրդների մեջ հարց է առաջացել, թե ինչպե՞ս կարող են ամերիկացիները խոսել մարդու իրավունքներից, երբ պաշտոնապես խոստովանել են, որ իրենք են ստեղծել ԻԼԻՊ-ը»:
Նշելով, որ ամերիկյան պատմությունը լի է հանցագործություններով, Ռաիսին հավելել է. «Աշխարհը տեսավ, որ ահաբեկչության դեմ պայքարի հերոս գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին սպանվեց մարդասեր և մարդու իրավունքների պաշտպան ամերիկացիների կողմից»։
ԻԻՀ նախագահի խոսքով. «Թշնամին չի ցանկացել, որպեսզի Իրանի ժողովուրդը զարգանա ու անկախ լինի, սակայն այդ ժողովուրդը որոշել է կանգնել սեփական ոտքերի վրա և անկախ լինել Արևմուտքից: Անկասկած, այս պատերազմում նույնպես հաղթանակը լինելու է Իրանի ժողովրդինը»:

