«Մեծ խաղ». Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում արված հայտարարությունների կապակցությամբ։
Ադրբեջանի դեսպանատան նոտայում նշված է, որ հայազգի ռուս քաղաքագետներն ու փորձագետները հանդես են եկել «բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշումներով», կասկածի տակ է դրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իբր խեղաթյուրվել է Ադրբեջանի աշխարհագրական քարտեզը, թե հաղորդման հյուրերն իրենց ելույթներով «հրահրում են ռևանշիստական ուժեր հայ հասարակության մեջ, սատարում են անջատողականությունը և թշնամություն սերմանում ժողովուրդների միջև»։ Թե պետական հեռուստաալիքի եթերում նման հայտարարությունները խարխլում են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը։
Ադրբեջանական կողմը հորդորել է ռուսական կողմին հրատապ միջոցներ ձեռնարկել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները դադարեցնելու և հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։
Ավելի վաղ «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում «Պատմական հեռանկար» հիմնադրամի նախագահ Նատալյա Նարոչնիցկայան ասել էր, թե ինչու է «Մեծ խաղ» հաղորդաշարի թողարկման ժամանակ հայտարարել, որ Ղարաբաղը ի սկզբանե հայկական հող է։

