Ղրղզստանն ու Ադրբեջանը մի շարք երկկողմ փաստաթղթեր են ստորագրել
Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Ղրղզստան։ Նախատեսվում է, որ երկու լիդերները կնախագահեն ղրղզա-ադրբեջանական միջպետական խորհրդի անդրանիկ նիստը։ Նաեւ կբացվի ղրղզա-ադրբեջանական բարեկամության պուրակը, մեկ դպրոց Ղրղզստանում կանվանակոչվի Հեյդար Ալիեւի անունով, մեկ դպրոց էլ՝ Նիզամի Գյանջեւիի։ Հայտնի է, որ այս այցն արդեն ընթացքի մեջ է։
Երկու նախագահները հանդիպել են եւ ստորագրել մի շարք միջպետական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ կստեղծվի ղրղզա-ադրբեջանական զարգացման համատեղ հիմնադրամ, երկու երկրների կառավարությունները կհամագործակցեն բույսերի կարանտինի ոլորտում, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատվել է համագործակցության առաջիկա եռամյա պլանը, երկու երկրները կհամագործակցեն պարտադիր սոցապահովագրության ոլորտում, կհամագործակցեն բնապահպանության ոլորտում, ինչպես նաեւ կընդլայնվի առեւտրա-արդյունաբերական եւ ֆինանսատնտեսական համագործակցությունը։ Սա այն դեպքում, երբ Ղրղզստանը չեղարկել էր ՀԱՊԿ զորախաղերը։
Ի դեպ, Ադրբեջանում արդեն մեդիայի եւ փորձագետների մակարդակով սկսել են հայտարարել, որ Ղրղզստանն հեռանում է Մոսկվայից եւ սերտացնում հարաբերությունները Թուրքիայի հետ։ Կարելի է կարծել, որ Ալիեւը Էրդողանի հանձնարարականով էլ գուցե հարցեր է քննարկում Ղրղզստանի ղեկավարության հետ, որի մասին իրազեկ ադրբեջանցի՝ իշխանությանը մոտ կանգնած փորձագետները, փորձում են ակնարկել իրենց վերլուծություններում։

