Լիզ Թրասը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը: Այդ մասին է վկայում Եղիսաբեթ Բ թագուհու հետ 47-ամյա քաղաքական գործչի ունկնդրության լուսանկարը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լուսանկարը տարածել է Բուկինգհեմի պալատը: Հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Ըստ ավանդույթի՝ միապետն ընտրյալ վարչապետի հետ հանդիպմանը նրան հանձնարարում է կազմել կառավարություն: Ավելի վաղ 96-ամյա միապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի պաշտոնաթողությունը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է երեք տարուց փոքր-ինչ ավելի:
Նրա հանդիպումը միապետի հետ, որին ներկա է եղել նաև Ջոնսոնի տիկին Քերին, տևել է շուրջ 40 րոպե:
Թրասը երրորդ կինն է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ Մարգարետ Թետչերից (նախարարների կաբինետը գլխավորել է 1979-1990 թթ․) և Թերեզա Մեյից հետո (2016-2019 թթ․): Նա 56-րդ վարչապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կամ 78-րդը՝ հաշվի առնելով նրանց, ովքեր այդ պաշտոնն զբաղեցրել են մեկ անգամից ավելի:
Նորին Մեծության համար, որն սկսել է գահակալել Ուինսթոն Չերչիլի երկրորդ վարչապետության ժամանակ, Թրասը կդառնա Մեծ Բրիտանիայի կառավարության արդեն տասնհինգերորդ ղեկավարը:

