Ռուս խաղաղապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Երևանից Ստեփանակերտ տանող ժամանակավոր երթուղին

Ռուս խաղաղապահները վերահսկողություն են իրականացնում Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացվող ժամանակավոր երթուղում։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

Հայտնել էինք, որ Արցախի Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի հետ կապը նոր երթուղով` Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացնել օգոստոսի 30-ից, ժամը 20։00-ից։

«Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` ճանապարհը սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության առումով որևէ խնդիր չպետք է լինի։

Պետրոսյանը նշեց, որ Աղավնոյի, Սուսի և Բերձորի բոլոր բնակիչներն այս պահին տարհանված են` նրանց մեծ մասը վերաբնակեցվել է ՀՀ–ում, իսկ մի մասն էլ Արցախում է վերահաստատվել։ Պետրոսյանի խոսքով` իրենք հոգում են նրանց ծախսերը, որոնք հաստատվել են արցախյան հյուրանոցներում, իսկ բնակարանային կոմիտեն ժամանակավոր կացարանով է ապահովում նրանց, մինչև հիմնական կացարան կտրամադրեն։