Իտալիայի նախագահը չի ընդունում վարչապետի հրաժարականը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել։ Ինչպես նշում է BBC-ն, կոալիցիոն գործընկեր «Ֆայվ սթարը»  (Five Star՝ «Հինգ աստղ»)  հրաժարվել է վստահության քվեով նրան աջակցել։

Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավարը կոալիցիոն կառավարությունը ղեկավարում է 2021 թվականի փետրվարից։

Հայտարարության մեջ նա նշել է՝ վստահության պայմանագիրը, որը պահպանում էր կառավարության միասնությունը, վերացել է:

Սակայն երկրի նախագահը հրաժարվել է ընդունել նրա հրաժարականը։ Նախագահ Սերջիո Մատարելլան Մ. Դրագիին նշանակել է այդ պաշտոնում՝  ղեկավարելու Իտալիան համավարակին հաջորդած շրջանում, երկիրը փրկելու անկայունությունից: Նա կոչ է արել Դրագիին դիմել խորհրդարան՝ հստակ պատկերացում կազմելու քաղաքական իրավիճակի մասին:

Նախագահ Մատարելլայի միջամտության ազդեցության արդյունքը դեռ պարզ չէ: Ակնկալվում է, որ Դրագին խորհրդարան կգնա հաջորդ չորեքշաբթի, և բավարար աջակցության դեպքում կարող է մնալ իր պաշտոնում: