ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ

Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ «Անկանխիկ գործառնությունների
մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու մասին:
Հայտարարությունում ասվում է. «Ինչպես հայտնի է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ
գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից
Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված
գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝
կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝
խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք
ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։
Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից
տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը,
ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:
Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը,
մասնավորապես՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն
են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների
մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
Հայտնում ենք ձեզ, որ կարող եք դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները ստանալու
համար: Միաժամանակ այն հարկ վճարողները, որոնք մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, ևս
կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով:
Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև ՀՀ
պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» տեղեկատվական հարթակի միջոցով: Ընդ որում՝
համապատասխան ծանուցումը ստանալուց և սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի
վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից:
Ընդ որում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկն իր նորմատիվ
իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների
առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և
պայմանները: Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վերլուծելու է ՀՀ բանկերի կողմից
գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց օպտիմալացման

ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա
վերանայումներ՝ նվազման ուղղությամբ: