ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակներում

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակներում կկայանա ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում։ Երկար սպասված մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին՝ Երևանի Հրազդան մարզադաշտում:

«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոն կբացեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։

Համերգի հրավիրյալ կատարողն է հայ սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին ZAZ-ի հետ համատեղ կատարմամբ:

Համերգային հարթակ դարձած մարզադաշտը իր նորացված տեսքով կզարմացնի ոչ միայն տեղացի հանդիսատեսին, այլև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին։

Փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1ին:

Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք տաղանդավոր երգիչներ՝ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ։

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: Փառատոնի համերգները վայելելու է 30-50 հազար հանդիսատես:

«ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից: