Մեր արբանյակը սահմանազատման գործընթացում օգտագործվելու է. Արմեն Գրիգորյան
Մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլեւ Հայաստանում կայանի շինարարություն եւ կարողությունների ձեռքբերում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ այն ունի միջինից ավելի կարողություններ։
«Սա առաջին քայլն է: Նրանք, որոնք մտածում են, թե սրանով մեր բոլոր խնդիրները լուծվելու են, պետք է հիասթափեցնեմ: Բայց այն, որ արբանյակի կարողությունները միջինից բարձր են եւ դա մեզ հնարավորություն է տալու բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսականից սկսած մինչեւ սահմանազատման գործընթացներ:
Սահմանազատման գործընթացում այն օգտագործվելու է: Նաեւ ունի որոշակի յուրահատկություններ, որը քիչ այլ արբանյակներ ունեն»,- հայտարարել է Արմեն Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ արբանյակից դեռեւս չենք ստանում ակնկալվող տեղեկությունները: Ըստ նրա՝ որոշակի ժամանակ է պետք, որ արբանյակն ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը, ինչի մասին մայիսի 26-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սակայն առայժմ Հայաստանը չունի արբանյակային կենտրոն եւ ընդունիչ կայան։ Այն նախատեսվում է ստեղծել մինչև 2023-ի սկիզբը։ Արբանյակային կենտրոնը կզբաղվի արբանյակի կառավարմամբ ու տիեզերալուսանկարների ստացմամբ, իսկ ընդունիչ կայանը կստանա ու կփոխանցի տվյալներ։ Արբանյակային լուսանկարները նախատեսվում է օգտագործվելու սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության համար։

