Երկու կարևոր պետական հաստատությունները անգործության են մատնված, երկրում անտերություն է․ Սաղաթելյան (տեսանյութ)
Ցանկացած շենք, որ շրջափակում ենք, սահմանված ժամանակ չկա, շրջափակում ենք այնքան, որքան ժողովուրդը ցանկանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվեն ՀՀ քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետև չեն սպասարկում մեր պետության շահերը: Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարևոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության, ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում տեղի են ունենում համաժողովրդական ընդվզման ակցիաներ, որևէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ ծրագրերին, որովհետև ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով: Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջափակված է նաև Անվտանգության խորհրդի շենքը. «Դա ամենևին պատահական չէ, ԱԽ քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, որ ամեն օր և ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել: Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը և թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետև իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։
Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը և դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

