Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով. «Հայաստան»
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթները և Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջները,
Վերահաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կյանքի կոչելու հանձնառությունը,
Հաշվի առնելով
Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,
Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,
Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,
քաղաքական և տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,
Հայաստանին աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային մակարդակներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը։
Համոզված լինելով, որ
Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
Հայաստանի, որպես ազգային և ինքիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,
Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու համար,
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության և ուժի դիրքերից բխող միջազգային սկզբունքներին ու նորմերին հակասող քաղաքականություն և իրականացնում են «Մեկ ազգ` երկու պետություն» հայեցակարգը՝ Հայաստանի դեմ հանդես գալով երկու ճակատով:
Առ այդ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։ Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով հետևյալ հիմնարար սկզբունքները.
1․ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձման և դրանց կատարման ուղղությամբ, անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 12․01․2010թ որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։
2․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։
3․ Առաջնորդվել Հայաստանի և սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։
4․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի:
5․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը։
6․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայամանվորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական և պանթուրանական ծրագրերի իրագործմանը։
7․ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»:

