Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը պատասխանել է Հայ եկեղեցուն
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այս հարցում Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը:
Հայտարարությունում ասվում է. «Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:
Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի մարդկության համար:
Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:
Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:
Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է:
Ավելի վաղ Հայ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։
Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորել է զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից:

