Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին․ Զախարովա
«Մենք տեղյակ ենք գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակից, այդ խնդիրը լուծելու համար կապի մեջ ենք երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան։-Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է խուսափել քայլերից, որոնք խնդիրներ կստեղծեն խաղաղ բնակիչների համար և կվատացնեն առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Մենք այս ուղղությամբ աշխատում ենք միջազգային և արտաքին քաղաքական այլ ոլորտներում իրավիճակի զարգացումներից անկախ և դրանց դինամիկայից դուրս։ Մեզ համար նշված տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է, և դա գիտակցում են բոլոր կողմերը»։
Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար գնդակոծում են Արցախի գյուղերը՝ հրազենային զինատեսակներով և նույնիսկ ականանետերով, մի շարք գյուղերի բնակիչներից պահանջում են լքել իրենց տները՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները։ Հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Բաքվի այս գործողություններին, և ի՞նչ է արվում Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, Զախարովան պատասխանել է․
«Այո, մենք մտահոգված ենք այս տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված իրավիճակով։ Մարտի սկզբից մենք արձանագրում ենք հրադադարի կանոնավոր խախտումներ։ Ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում կայունությունն ապահովելու և իրավիճակը վերահսկելու համար, և այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից ի վեր զինված միջադեպեր չեն գրանցվել։
Ինչ վերաբերում է հիշատակված սահմանային խնդրին, ապա մենք կողմ ենք, որ դրա սահմանազատման գործընթացը հնարավորինս շուտ սկսվի՝ համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ»,- պատասխանել է Զախարովան։

