Մենք 2020-ին մարտի դաշտում չպարտվեցինք, մենք պարտվել էինք դրանից առաջ․ Աղաբաբյան
1980-ականների վերջն էր, 90-ականների սկիզբը, Արցախյան շարժում, ցույցեր, պայքար, հայերի կոտորածներ Սումգայիթում, Բաքվում, փախստականներ…
Այդ նույն շրջանում առաջ եկան «կաբելային ալիքները», ամեն թաղ իր ալիքն ուներ։ Մեր թաղում էլ կար, առավոտից գիշեր ֆիլմեր էին ցուցադրում՝ ինչ պատահեր՝ ամերիկյան, չինական, ռուսական։
Բայց ամեն առավոտ եթեր մտնելուց ու երեկոյան ժամը 6-ին միացնում էին այս երգը. փոքր բեմի վրա կանգնած էր դպրոցական տարբեր տարիքի երեխեքի երգչախումբը՝ տարազ հագած, իրար ձեռք բռնած, ձիգ, խրոխտ, ու երգում էին գուսան Հայկազունի «Հայեր միացեք» երգը՝
«Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հողը, փառքը հայության։
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք,
Դեռ ճամփա ունենք, պիտ հասնենք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում»…
Հիմա, երբ հետհայաց նայում եմ այդ օրերին, հասկանում եմ, որ Արցախի մասին իմ թեկուզ և վերացական, բայց առաջին պատկերացումներն այդ երգի ազդեցությամբ են ձևավորվել, հասկանում եմ, որ Արցախը սկսել եմ սիրել հենց միայն էն բանի համար, որ ամեն աստծո օր երգչախմբի երեխեքի շուրթերով Արցախն ինձ օգնության էր կանչում…
Մենք 2020-ին մարտի դաշտում չպարտվեցինք, մենք պարտվել էինք դրանից առաջ, պարտվել էինք գաղափարական դաշտում, պարտվել էինք, որովհետև 3 տասնամյակ շարունակ Արցախն ասոցացրել էինք բացառապես հակամարտության հետ, Արցախը ներկայացրել էինք որպես խնդիր, թնջուկ, կնճիռ, բեռ, զարգացման խոչընդոտ, մի տարածք, որտեղ զոհվում են մեր տղաները… և ոչ թե Հայրենիք, որը ատամներով պահել է պետք, որի համար մինչև վերջ կռիվ տալ է պետք։
Հայտնի բան է, ցանկացած բան նյութականանալուց առաջ որպես գաղափար է ծնվում։
Հայրենիքն էլ է էդպես։
Հայրենիքի սահմաններն էլ նախ պիտի գծենք մեր մտքում, որ հետո միայն դրանք իրականություն դարձնենք։ Էնպես որ մեր գալիք հաղթանակի ու Արցախի ամբողջական վերաազատագրման համար առաջին գրավականը մեր հաղթանակն է հենց գաղափարական դաշտում։
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից