ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Վրաստանին ընդունելու որոշում է կայացրել, բայց ժամկետները չի որոշել․ Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) որոշում է կայացրել Ուկրաինային և Վրաստանին ընդունելու մասին, բայց ժամկետները չի որոշել։ Այս մասին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Ուկրաինան արդեն դիմել է միանալու խնդրանքով, և մենք որոշել ենք աշխատել այդ ուղղությամբ՝ աջակցելով նրա բարեփոխումներին, օգնելով զինված ուժերի արդիականացմանը ըստ մեր չափորոշիչների։ 2008 թ. մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան [ՆԱՏՕ] անդամներ, բայց չսահմանեցինք, թե երբ»,- ասել է Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինան հիմա շատ ավելի բարձր պաշտպանունակություն ունի, քան 2014թ.։ Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ հավաքական պաշտպանության սկզբունքը տարածվում է միայն ՆԱՏՕ անդամ պետությունների վրա։ «Բայց Կիևն առայժմ ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում։ Դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը տարածվում է միայն ՆԱՏՕ անդամների վրա»,- հիշեցրել է նա։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ կազմի մեջ ընդունելու որոշումը Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության 30 մասնակից պետությունների հարցն է։

