Արմեն Սարգսյանի դավադիր անգործության հետևանքը
Նիկոլը` ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, սահմանադրախախտը, օրինախախտը, ստախոսը, կեղծարարը, սադրիչը, ՀՀ ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, թե Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այսպիսով փաստորեն անտեսել է այն իրողությունը, որ իրավական ակտը, որով Արտակ Դավթյանը նշանակված է համարվում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, հակասահմանադրական լինելու հիմքով ի սկզբանե առոչինչ է:
Եթե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը լիներ թափուր, կարելի էր համարել, հայտարարել, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում, բայց Օնիկ Գասպարյանը Վարչական դատարանի 17.03.2021թ. միջանկյալ և միանգամայն օրինական որոշմամբ, քանի դեռ տվյալ գործի ըստ էության քննության արդյունքում չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, իսկ պետությունը չի կարող միաժամանակ ունենալ Զինված ուժերի գլխավոր շտաբի երկու պետ:
Վերոնշյալ անհեթեթ (և ոչ միայն…) վիճակը չէր առաջանա, եթե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը ՀՀ Զինված ուժերի և երկրի դեմ դավադրության մասնակիցը լինելու փոխարեն, կատարեր իր սահմանադրական լիազորություններն ու պարտականությունները: Եվ ահա թե ինչ նկատի ունենք:
Քաջատեղյակ լինելով, որ Օնիկ Գասպարյանի կողմից 10.03.2021թ. ՀՀ վարչական դատարան է ներկայացվել վիճարկման հայց, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը», ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը մարտի 11-ին ստանալով Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ իր ներկայացրած առարկությունները վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից չընդունվելու վերաբերյալ գրությունը, դրսևորել է դավադիր անգործություն ու չի դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Բնականաբար, հարցեր են առաջանում` բա այդ դեպքում, այսինքն` եթե Սահմանադրության հետ կապված, Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու անհնարինության հետ կապված խնդիր կամ խնդիրներ չկային, Արմեն Սարգսյանն ինչո՞ւ է Նիկոլին առարկություններ ներկայացրել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու հրամանագրի նախագծի վերաբերյալ (առարկությունները վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմ մուտք են եղել 2021թ. մարտի 11-ին): Ի՞նչ փաստարկներ է դրել իր առարկությունների հիմքում Սարգսյանը (թող հրապարակի), եթե այդ փաստարկների ճիշտ և իր առարկությունների իրավացիության հարցում համոզված չէր, ինչո՞ւ է դրանցով դիմել վարչապետի պաշտոնը զբաղեցնողին: Սա ի՞նչ «թատրոն» է…
Միանգամայն հավաստի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ Արմեն Սարգսյանի առարկությունների հիմքում դրված փաստարկներից մեկը հենց այն է, որ Օնիկ Գասպարյանի կողմից մարտի 10-ին վիճարկման հայց է ներկայացվել Վարչական դատարան` նախագահի հրամանագիրը, որը հաստատվել է Օնիկ Գասպարյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին Նիկոլ Փաշինյանի մարտի 10-ի հայտարարությամբ, անվավեր ճանաչելու հայցապահանջով:
Արմեն Սարգսյանն իր դավադիր անգործությունը շարունակել ու ՍԴ չի դիմել նաև այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանն իր 17.03.2021թ. միջանկյալ որոշմամբ բավարարել է Օնիկ Գասպարյանի ու նրա փաստաբանի կողմից ս. թ. մարտի 15-ին Վարչական դատարան ներկայացված ու վարույթ ընդունված ճանաչման հայցին կից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, որով նրանք խնդրել են մինչև տվյալ գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, Օնիկ Գասպարյանին համարել ԶՈւ գլխավոր շտաբի պետ:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին» է:
Նիկոլը ոչ միայն հայտարարել է, թե Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում, այլև Արտակ Դավթյանին տարել, ներկայացրել է գլխավոր շտաբի ղեկավար կազմին և վերջինիս անդամները, ցավոք, ընդունել են նրան, թեև կարող էին բոյկոտել, չընդունել Արտակ Դավթյանին իբրև գլխավոր շտաբի պետ, իսկ Նիկոլին նույնիսկ կալանավորել կամ կալանավորելու հրաման տալ համապատասխան ենթականերին` նկատի ունենալով, որ զորամասի կարգավիճակ ունեցող գլխավոր շտաբի տարածքում առերևույթ հանցագործություն է տեղի ունենում:
Այսպիսով Նիկոլը փաստացի արհամարհեց վերոնշյալ դատական ակտը և միջոցների միջև խտրություն չդնելով, նույնիսկ հանցավոր ճանապարհով խոչընդոտեց Օնիկ Գասպարյանին, որպեսզի դատական ակտի հիման վրա իր լիազորություններն: իրականացնի: Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ (և ոչ թե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես շփոթմամբ կամ միտումնավոր գրում, հաղորդում են որոշ ԶԼՄ-ներ) Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«ՀՀ վարչական դատարանը պաշտոնապես ճանաչել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանն այս պահին, դատական ակտի ուժով, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատված չէ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և, որպես հետգրություն, հավելել.
«Հ.Գ. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը առաջացնում է ՔՐԵԱԿԱՆ պատասխանատվություն»:
Ի՞նչ ճակատագիր կունենա հանցագործության մասին Օնիկ Գասպարյանի հաղորդումը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին: Եթե ինչ-որ անակնկալ կամ անակնկալներ չլինեն, ապա տվյալ հաղորդմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը, ամենայն հավանականությամբ, կմերժվի (իհարկե՛ անօրինականորեն), որից հետո Օնիկ Գասպարյանը կամ նրա փաստաբանը մերժման որոշումը կբողոքարկեն առաջին ատյանի դատարանում, ապա, դատարանի վճռից հետո, կողմերից մեկը վերաքննիչ բողոք կներկայացնի, Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի դատական գործընթաց, այնուհետև բանը հավանաբար կհասնի նաև վճռաբեկ բողոքի: Կանցնեն ամիսներ, գուցե տարուց երկար:
Եվ ի՞նչ, այդ ընթացքում գլխավոր շտաբը, նրա ղեկավար կազմն ո՞ւմ են ենթարկվելու` դատական ակտի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի դե յուրե պետ Օնիկ Գասպարյանի՞ն, թե հակասահմանադրական լինելու հիմքով ի սկզնանե առոչինչ իրավական ակտով գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանին… Մեր պետության, պետականության համար վտանգավոր, նույնիսկ կործանման ռիսկ պարունակող վերոնշյալ գործընթացները չեն կարող լրջագույն հետևանքներ չունենալ նաև դրա բոլոր մեղավորների համար:
Արթուր Հովհաննիսյան

