Սա իրավական կազուս է. Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված. փաստաբան
Վիճարկման հայցով դիմել ենք դատարան և խնդրել, որպեսզի անվավեր համարի ՀՀ նախագահի հրամանագիրը, որով ՀՀ Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյաննն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը։
«Մեր վստահորդի և մեր կարծիքով՝ այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով։ Երեկ իմացանք, որ պաշտպանության նախարարը երկու հրաման է ընդունել. փետրվարի 26-ին ընդունել է հրաման, որով «հայտարարում է նախագահի հրամանագիրը», այնուհետև հրամայում է Տիրան Խաչատրյանին թողնել կադրերի տրամադրության տակ»,- նշեց Ավետիքյանը:
Նրա խոսքով, մարտի 10-ին արդեն հայցադիմումն ընդունվել է վարույթ, նախագահի հրամանագիրը կասեցվում է:
«Ի զարմանս մեզ, պաշտպանության նախարարը մարտի 15-ին ընդունում է մեկ այլ հրաման, որով հետ է կանչում Տիրան Խաչատրյանին արձակուրդից։ Այսինքն ուժը կորցրած է ճանաչում այն հրամանը, որով իրեն ուղարկել էին արձակուրդ (Տիրան Խաչատրյանը գտնվում էր արձակուրդում) և հանձնարարում է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Գալստյանին՝ անձնակազմի ցուցակից դուրս հանել Տիրան Խաչատրյանին», – ներկայացրեց Վարուժան Ավետիքյանը՝ ընդգծոլով, որ այս փաստն իրենց չափազանց զարմացրել է։
«Այսօր մենք արդեն դատարան ենք ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որով կփորձենք այս լրացուցիչ անօրինական ակտերի դեմն առնել», – ասաց Ավետիքյանը։
«Այժմ իրավական կազուս է, Տիրան Խաչատրյանը ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է։ Չափազանց անհստակ մի իրավիճակ է։ Սա իրավական անվտանգության խախտում է», – ընդգծեց նա:

