Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլը
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր և 1996 թ․ ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ) մահացել է՝ 99 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցավով հայտնում ենք, որ սենատոև Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան՝ քնած ժամանակ»,- այս մասին գրվել է քաղաքական գործչի կնոջ կողմից վարվող թվիթերյան էջում։
Դոուլը 27 տարի՝ 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվեց երկրորդ ժամկետով։
Ըստ Reuters-ի՝ Դոուլն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ տառապում է թոքերի քաղցկեղով։
Դոուլը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր և միշտ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարի առաջնագծում:

