Վլադիմիր Աբրահամյանի ցուցահանդեսը Նկարիչների միությունում
ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020 թթ․/ հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը: Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում`թարգմանություններ/ գրքերի ձևավորման գործում: Կցուցադրվի նրա ձևավորած գրքերի մի մասը և դրանց էսքիզները: Երկու օր՝ նոյեմբերի 18-ին և 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում նկարելու իրենց վարպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով: Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/: Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում: Վ.
Աբրահամյանի ձևավորած գրքերի մի փոքր ցանկ․
«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ», Հրաչյա Հովհաննիսյան՝ «Մենության օրեր», «Հուշերի երեկո», Հենրիկ Մալյան՝ «Երկխոսություն երրորդի համար», Ստեփան Պողոսյան՝ «Ինձ բահ տվեք», Հովիկ Հովեյան՝ «Արեգակն արդար», «Արահետ», «Թափառական ամառներ», Լևոն Խեչոյան՝ «Խնկի ծառեր», Դավիթ Մուրադյան՝ «Ուզում եմ պատմել», Դավիթ Հովհաննես՝ «Քրոնիկոն», Վազգեն Սարգսյան՝ «Խաղ», Ակսել Բակունց՝ «Բան ու գործ», Զորայր Խալափյան՝ «Ճերմանց մխիթարություն», Արամ Հովհաննիսյան, «Ցավի ակունք», Ալբերտ Քամյու՝ «Ժանտախտը», Արաբ Շամիլով՝ «Դմդմ բերդը», Քնյութ Համսուն՝ «Սիրո ստրուկները»․․․





