ՄԻԵԴ-ը մերժել է Սահակաշվիլու դիմումը մասնավոր հիվանդանոց տեղափոխվելու մասին և կոչ է արել դադարեցնել հացադուլը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դիմումը մասնավոր հիվանդանոց տեղափոխելու հարցով և կոչ է արել նրան դադարեցնել հացադուլը:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Վրաստանի արդարադատության նախարարության ֆեյսբուքյան հայտարարությանը, ստրաստբուրգյան դատարանը երկրի իշխանություններին պարտավորեցրել է տեղեկացնել քաղաքական գործչի առողջական վիճակի մասին:
«Մենք ստացել ենք ՄԻԵԴ-ի պատասխանը, որում նշվում է, որ Ստրասբուրգյան դատարանը կոչ է անում Սահակաշվիլիին դադարեցնել հացադուլը՝ այդպիսով ընդունելով այն փաստը, որ վերջինս իսկապես քաղցում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործչի փաստաբան Նիկա Գվամարիան:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլուն ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Օրեր առաջ նրան տեղափոխել էին բանտային հիվանդանոց:

