Մարդն ունի ինքնասպանության իրավունք. Վրաստանի վարչապետը` Սաակաշվիլիի հացադուլի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոսպիտալացումը քաղաքացիական հիվանդանոցում, որտեղ «անվտանգության պայմաններ չկան», նրա ծրագրի մի մասն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Իր մտածածի համաձայն՝ մենք պետք է նրան տեղափոխենք մասնավոր կլինիկա… Ավելին, իրենց ծրագիրն է մոբիլիզացնել մի քանի հազար մարդ՝ 4-5 կամ 10 հազար։ Մենք ստիպված կլինենք տեղակայել ոստիկանություն, կիրառել հատուկ միջոցներ և մնալ հավերժական քաոսի ու անկարգությունների մեջ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Մեկնաբանելով նախկին նախագահի հացադուլը՝ Վրաստանի վարչապետն ասել է, որ «մարդն ունի ինքնասպանության իրավունք»։
«Օրենքն ասում է, որ մարդն ունի ինքնասպանության իրավունք։ Եթե մարդը որոշի ինքնասպան լինել, կարող է ինքն իրեն սպանել, բայց, բնականաբար, պետությունը պատասխանատվություն չի ստանձնի դրա համար»,- ասել է նա։
Վրաստանի վարչապետը բացառել է նաև Սաակաշվիլիի Ուկրաինա տեղափոխումը կամ վաղաժամկետ ազատումը, քանի որ դա կնշանակի, որ «կառավարությունը չի հարգում երկրի օրենքները»։

