ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի հետ Չինաստանի համագործակցությունը դաշինքին «սպառնալիք» է անվանել

Չինաստանի արագ աճը, հատկապես տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը սպառնալիք են ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի համար:Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է interfax.ru-ն:

«Չինաստանի աճն էական նշանակություն ունի մեր անվտանգության համար: Մենք տեսնում ենք, որ նրանք (չինացիները) փորձում են վերահսկել կարևոր ենթակառուցվածքները, մենք նրանց տեսնում ենք կիբերտարածքում, մենք նրանց տեսնում ենք Աֆրիկայում … նրանք նաև ավելի ու ավելի սերտորեն են աշխատում Ռուսաստանի հետ», – ասել է նա:

ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մտահոգում է այն փաստը, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից է, առաջատար է առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում և հաջողությամբ զարգացնում է իր միջուկային ներուժը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ինքը կողմնակից է դաշինքի՝ չնայած տարածաշրջանային կարգավիճակին, գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում մասնակցությանը: