Խաղաղության թեզի ներքո Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի ներկայացրած խաղաղության խաբկանքի մեջ․ Սեյրան Օհանյան
Բոլորն էլ կողմնակից են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց այդ խաղաղության համար պայմաններ են պետք, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Խաղաղության թեզի ներքո Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի ներկայացրած խաղաղության խաբկանքի մեջ,-ասաց պաշտպանության նախկին նախարարը։- Մենք չունենք իրավապայմանագրային հենք, բարենպաստ ռազմաքաղաքական իրավիճակ և այն քարտեզները, որոնք հիմք կհանդիսանան մեր սահմանները ճշտելու համար»:
Օհանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է հասկանային, որ հատկապես Սյունիքի հատվածում նոյեմբերի 9-ից հետո մենք չպետք է հետ քաշվեինք մեր կանգնած դիրքերից, քանի որ այն Հայաստանին պետք էր գալու հետագայում սահմանազատման և սահմանագծման բանակցությունների ժամանակ:
«Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն։ Այս առումով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու հարցերի շրջանակներում», – ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բանակցային գործընթացի ձախողմամբ հայկական կողմը հայտնվեց պատերազմի ճիրաններում։
«Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները, իրականում, գտնվում են պարտադրանքի մեջ։ Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր», – ասաց խմբակցության ղեկավարը։

