Ալիևի կլանը՝ Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմի» մեջ
Տարօրինակ լուրեր են ստացվել Բաքվից սեպտեմբերի 21-ին: Հարևան երկրի սննդամթերքի անվտանգության գործակալությունը (ՍԱԳ) ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասից բոլոր տեսակի կենդանի թռչնի, թռչնամսի և ձվի ներմուծման նկատմամբ, ասվում է ՍԱԳ-ի հայտարարության մեջ: ՍԱԳ-ը միջոցներ է ձեռնարկում աշխարհում վարակաբանական իրավիճակին համապատասխան՝ հիմնվելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) կողմից ստացված տեղեկատվության վրա, հայտնում է գործակալությունը:
Բաքվի պաշտոնյաները պնդում են, որ, ըստ ԿԱՀԿ-ի տվյալների, Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի Շկոտովսկի շրջանում գրանցվել է Նյուքասլի հիվանդությունը: «Կովկաս-թաթարստանի» տարածքը այլ երկրներից փոխանցվող կենդանիների վարակիչ հիվանդություններից պաշտպանելու համար, Ռուսաստանի նշված տարածաշրջանից բոլոր տեսակի կենդանի թռչունների, թռչնամսի և ձվի ներմուծումը ժամանակավորապես սահմանափակվում է՝ համաձայն գործող օրենսդրության: Սակայն, թե ինչ «ժամանակավոր շրջանի» մասին է խոսքը, կովկասյան թաթարները որոշել են չնշել: Միևնույն ժամանակ, վերահսկական միջոցառումների ուժեղացման համար Բաքվի մաքսային պետական կոմիտեին առաջարկվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել նաև Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասից եկող տրանսպորտային միջոցների հետ կապված, հավելել են ՍԱԳ-ում:
Ինչպես ընդգծում են ռուսական ԶԼՄ-ները, ավելի վաղ Բաքվի վերահսկիչ մարմինները նշել էին, որ ռուսական արտադրության թռչնաբուծական արտադրանքի խմբաքանակում գերազանցվել են կենսաբանական ցուցանիշները: «Ստավրոպոլի բրոյլեր» ընկերության Նեվիննոմիսկի մսի վերամշակման գործարանի արտադրանքի խմբաքանակի հետազոտման ընթացքում արձանագրվել է թույլատրելի մանրէաբանական պարամետրերի (սալմոնելա) ավելցուկ: Այս փաստի կապակցությամբ ՍԱԳ-ը սահմանափակել է այս ընկերությունից արտադրանքի ներմուծումը: Կովկասյան թաթարները իրենց որոշումների մասին տեղեկացրել են Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր):
Բայց միևնույն ժամանակ ռուսական լրատվամիջոցները Բաքվի ՍԱԳ-ի որոշումները կապում են բոլորովին այլ փաստերի և իրադարձությունների հետ: Նախ, ՍԱԳ-ի հայտարարությունից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել «կովկաս-թաթարստանից» կարանտինային վնասակար տարրերով աղտոտված նեկտարինների խմբաքանակ ներմուծել Ռուսաստանի տարածք: «Ռոսսելխոզնադզորի Կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը ժամանակավոր պահպանման պահեստում՝ «ՎԻԱԴՈԿ»-ում, կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում, ԱզՀ-ից ժամանած 18,7 տոննա քաշով նեկտարինների խմբաքանակի զննման ժամանակ, հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ, որը բացակայում է Եվրասիական տնտեսական միության տարածքում`շագանակագույն մոնիլիոզական փտածք (Monilinia fructicola (Winter) Honey)», ասվում էր հաստատության տեղեկատվության մեջ: Բեռների սեփականատերերը, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ «Բույսերի կարանտինի մասին» օրենքը խախտելու համար: Իսկ բեռը վերադարձվել է Բաքու:
Այսպիսով, իրավիճակը շատ նման է նրան, որ Բաքուն «շատ վիրավորված» էր նեկտարինների վերաբերյալ Ռոսսելխոզնադզորի որոշումից և, առանց երկար մտածելու, «արձագանքել է» Ռուսաստանի Ստավրոպոլի և Պրիմորսկի երկրամասերից բոլոր տեսակի թռչունների, թռչնամսի և ձվի ներմուծման այսպես կոչված «ժամանակավոր արգելքով»: Այստեղ կարևոր է հասկանալ, թե փոխադարձ առաքումների ինչ ծավալներ են քննարկվում, որպեսզի հստակ տեսնենք, թե ով է ավելի մեծ կորուստներ կրելու գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում նման «հարվածների փոխանակումից»: Ի վերջո, հարավային մրգերի և բանջարեղենի գները, այդ թվում՝ «էկզոտիկ» մրգերի, որոնց շարքում կարելի է դասել նաև նեկտարինը, ռուսական շուկայում այնքան էլ ցածր չեն: Զարմանալի է, որ Ապշերոնը չի «հիշում», որ Թուրքիայից լոլիկի մատակարարման արգելքից տուժել են թուրքերը, ոչ թե ռուս սպառողները, որոնց ապահովել են լոլիկով Իրանից, Հայաստանից, Կենտրոնական Ասիայի հանրապետություններից և այլն: Եկեք տեսնենք, թե ինչի վրա է «ջարդվելու» Ի. Ալիևի ռեժիմը առաջիկա սպասվող «առևտրային պատերազմում»:
Սերգեյ Շաքարյանց

