Խաչատուր Սուքիասյանի նման մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն․ Սասուն Միքայելյան
Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով Վազգեն Սարգսյանի մասին Խաչատուր Սուքիասյանի գնահատականների վերաբերյալ հարցին։
«Մարդ պետք է իր անցած ուղին, ճանապարհը Արցախյան առաջին ազատամարտից մինչ այսօր մի հատ հետահայացք գցի, նոր Վազգեն Սարգսյանին քննադատի։ Վազգեն Սարգսյանը այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000 քմ տարածք։ Ոչ թե մենակ ինքը՝ ազգովին, բայց ինքը այն ժամանակ կարողացավ համախմբել տարբեր հետաքրքրություն ու շահեր ունեցող անձանց, և մենք կարողացանք ազատագրել Արցախն ու ընդլայնել մեր երկրի սահմանները։
«Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն։ Մենք երբեք մեր հույսը չենք կտրել, նորից եմ ասում, մենք նորից հետ կդառնանք այն տեղերը, որտեղ մեր տղերքը նահատակվեցին, քանի որ դա մեզ համար սրբավայր է»,-ասաց նա։

