Կապան-Գորիս միջպետական ճանապարհը վերաբացվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողներն արդեն մի քանի օր է փակ էին պահում Կապան-Գորիս ճանապարհը։ Երթևեկությունը գործում է Աղվանի-Տաթև այլընտրանքային ճանապարհով, որը թեև նորոգվում է, սակայն այս պահին դժվարանցանելի էր բեռնատարների համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ռուս սահմանապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։