Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, սակայն դա չի նշանակում, թե պատերազմն անխուսափելի է

Չկրկնենք, մեկ առ մեկ չմեջբերենք վերջին օրերի, շաբաթների և ամիսների պաշտոնական և ոչ պաշտոնական լուրերը Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում և Արցախում մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի միջև տեղի ունեցող, վերջին շրջանում գրեթե ամեն օր շարունակվող փոխհրաձգությունների, բազմաթիվ զոհերի, վիրավորների, տեխնիկայի վնասման, տարածքների հրդեհման, թշնամու կողմից հրաձգային զինատեսակներից բացի, ականանետերի, նռնականետերի, ԱԹՍ-ների օգտագործման, լարվածություն առաջացնող տարաբնույթ սադրանքների վերաբերյալ:

Հայերը, որոնք անտարբեր չեն իրենց հայրենիքի նկատմամբ ու գոնե հետևում են լրահոսին, այս ամենին քաջատեղյակ են: Փաստերի արձանագրումից ավելի կարևոր է վերլուծելը և հասկանալը, թե ինչ նպատակ կամ նպատակներ են հետապնդում վերոնշյալ սահմանային բախումները: Ավելի հակված ենք կարծելու, որ խոսքն այս դեպքում նպատակների մասին է, քանի որ Ադրբեջանի ետևում կանգնած ուժերի` մի գնդակով մի քանի թիրախ խոցելու, ինչպես նաև նվազագույն և առավելագույն պլաններ ունենալու ձեռագիրը հայտնի է:

Արտաքին թշնամու նպատակներից մեկը սահմանային բախումների, լարվածության շարունակմամբ ու սաստկացմամբ, անապահովության մթնոլորտի առավել թանձրացմամբ Ադրբեջանին սահմանամերձ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, ինչպես նաև Արցախի մնացած մասի աստիճանական, արագ կամ դանդաղ հայաթափումն է:

Հնարավոր է, որ վերոնշյալը նաև ներքին թշնամու նպատակներից մեկն է, համենայն դեպս, փաստն այն է, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի գործողությունների դեմ համապատասխան հակաքայլեր չեն կատարել ու չեն կատարում, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չեն դիմել, իսկ ՀԱՊԿ-ին դեմել են ոչ համապատասխան հոդվածով:

Ադրբեջանի զինված ուժերի նշանառու և ոչ նշանառու կրակոցների, գիշերը նաև թշնամու լուսարձակների լույսի ներքո գտնվող, որոշ հատվածներում ադրբեջանցի զինծառայողներից ընդամենը 150-200 մետր հեռու ապրող, նրսնց հայհոյանքները, սպառնալիքները, գոռոցները լսող հայ բնակչության նյարդային ու հոգեբանական լարվածությունը, անհանգստությունն ու տագնապն այս պայմաններում չեն կարող չաճել: Քանի որ նրանց հոգեկան դիմադրողականությունն անսահման չէ, աստիճանաբար կարող են հեռանալ հայրենի բնակավայրերից: Հենց դա էլ թշնամու հետապնդած նպատակներից մեկն է, ցեղասպան թուրքի կողմից վաղուց փորձված ու փորձով իրեն արդարացրած միջոց` չկա հայ, չկա խնդիր:

Որպեսզի վերոնշյալ պայմաններում հայը շարունակի մնալ ու չլքել իր բնակավայրը, դիմակայի շուրջօրյա և միանգամայն իրական սպառնալիքներին, պետք է և զենք ունենա, և խելագարության աստիճանի հայրենասեր լինի, բայց կարո՞ղ ենք հուսալ, որ բոլորն այդպիսին են…

Ինքնին հասկանալի է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերից բնակչության կամ բնակչության մեծ մասի հեռանալու դեպքում դրանք ու հարակից տարածքներն արտաքին թշնամուն հանձնելը ներքին թշնամու համար կլինի դյուրին կամ համեմատաբար դյուրին, առանց լուրջ դիմադրության: Գրեթե նույնը կարելի է ասել նաև Արցախի մնացած մասն Ադրբեջանին պատերազմով կամ առանց պատերազմի, այնտեղ Արցախից արտագաղթած ադրբեջանցիների վերադարձից հետո (Ալիևին Նիկոլի տված խոստումներից մեկը) հանրաքվեով հանձնելու առումով:

Արտաքին թշնամու ու, դատելով ամենից, նաև ներքին թշնամու մյուս նպատակը սահմանային շարունակվող բախումների, լարվածության կամ դրա աճի արդյունքում հայ ժողովրդի շրջանում հոգեբանական նպաստավոր մթնոլորտի, տրամադրվածության առաջացումն է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը հայության, Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար, ինչպես կարելի է եզրակացնել հրապարակվող բազմաթիվ տեղեկություններից, աղետալի զիջումներ, կորուստներ է պարունակելու:

Ըստ այդմ, որքան երկար շարունակվեն փոխհրաձգությունները, սահմանային բախումները, որքան մեծաքանակ լինեն մեր զոհերը և վիրավորները, որքան մեծ լինեն հայ ժողովրդի նյարդային, հոգեբանական լարվածությունը և ցանկությունը, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ ավարտվի, այնքան նրա կողմից «կուտվի» ու «կմարսվի» Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կոչվածը, այնքան փոքր կլինի նշված պայմանագրի ստորագրման նկատմամբ բողոքը, մանավա՛նդ, որ այդ ժողովրդի մի հսկայական մասը չունի բավարար գիտակցություն կամ տեղեկացվածություն, շատ ուրիշների պարագայում էլ, նշված խնդրից բացի, հայրենասիրությունը սոսկ բաժակաճառերի մակարդակով է:

Այդ բոլոր մարդիկ կմտածեն, որ այսպես շարունակել չի կարելի (իսկապես այսպես շարունակել չի կարելի, բայց դրա լուծումը պետք է այլ լինի), որքա՞ն կարելի է զոհեր տալ և վիրավորներ ունենալ, ապրել անհանգիստ ու լարված, հետևաբար «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում դրա դեմ հանդես չեն գա, ոմանք գուցե նույնիսկ ողջունեն, ասեն Նիկոլը ճիշտ վարվեց, ցավոք, չգիտակցելով, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ սկիզբն է դրվելու Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ամբողջական ու վերջնական կլանմանը:

Ընդգծենք, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ և Ադրբեջանի սահմանները ճանաչելով, Արցախի մնացած մասն էլ, ըստ էության, հանձնվելու է նրան: Ադրբեջանին են հանձնվելու նաև ՀՀ բազմաթիվ բնակավայրեր` իրենց հարակից տարածքներով, ռազմավարական նշանակության բարձունքներով ու ճանապարհներով, կամ որոշ վայրերում թշնամուն տալու են այդ ճանապարհների նկատմամբ վերահսկողության հնարավորություն:

Ավելին. Ադրբեջանին ու Նախիջևանին, Նախիջևանի տարածքով Ադրբեջանին ու նրա ռազմավարական դաշնակից Թուրքիային Սյունիքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ տալով, Հայաստանը երեք հանրապետությամբ հանդես եկող թշնամիներին իր իսկ ձեռքով ուղղակի հնարավորություն է տալու, որ կարճ ժամանակաընթացքում փոխադարձաբար հզորացնեն միմյանց ու թաղեն ոչ միայն կորցրածի թեկուզ մի մասը վերադարձնելու հայոց երազանքը, այլև իրենց հարմար մի պահի լուծեն մեր հարցը և Հայաստանի վրայով անցնելով, գործնական ընթացք տան պանթուրքական ծրագրի իրագործմանը:

Թշնամու համար սահմանային բախումների և լարվածության աճի մյուս նպատակը Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմ սկսելու առիթ կամ նպաստավոր մթնոլորտ ստեղծելն է և իրավիճակը շիկացած պահելը` ակնկալությամբ, որ առաջիկայում իր և Թուրքիայի համար կարող են հնարավորություններ ստեղծվել հարձակումը սկսելու համար:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան