Մենք գնալու ենք Ադրբեջանի հետ սահմանին իրադրության դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով. Փաշինյան

Քանի դեռ կա հնարավորություն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, Հայաստանը գնալու է  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ Հայաստանը տեսնում է նման հնարավորություն՝ գործընթացները պիտի տարվեն հենց այդ ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ օգոստոսի 3-ին Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելու ժամանակ:

ՀՀ վարչապետն արձանագրել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության շուրջ բավականին լարված իրավիճակ է՝ հավելելով, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: «Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: