Կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու. Արտավազդ Սահակյան (տեսանյութ)

Ականավոր պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և իր գլխավորած բաժանմունքի շուրջ բարձրացած աղմուկին՝ նշելով, որ իրեն աշխատանքից չեն ազատել, այլ պահանջել են ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է: Հայտնի վիրաբույժն այդ պահանջն անհիմն է համարում:

«Նախ հայտնեմ ձեզ, որ ես աշխատանքից չեմ հեռացվել, ոչ էլ եղել է նման պահանջ, պահանջ եղել է ռեկտորի կողմից, սկսած 2017 թվականից, երբ որ նա նշանակվեց ռեկտոր, լքել այս տարածքը, տեղափոխվել, որևէ այլ տեղ, որին ես ընդդիմացել եմ, քանզի իր ռեկտոր նշանակվելուց առաջ ես և իմ բժիշկ ընկերները, ինչպես նաև անձնական կապերի շնորհիվ մենք հիմնովին վերանորոգեցինք այս տարածքը, 2 հարկ: Բոլոր ծախսերը իմ և իմ բժիշկների կողմից են արված, բժշկական համալսարանը, ոչ մի հարցում մեզ չի օգնել` բացառությամբ Գոհար Քալյանի: Այս ընթացքում պարբերաբար ինձ այս պահանջը դրվել է և կարծում  եմ, այն բացարձակապես անհիմն է»:

Նրա խոսքով` պատերազմից հետո հունվարի 8-ին, իրեն է այցելել ներկայացուցիչը` պահանջելով, որ ազատի բաժանմունքը:

«Ես զգուշացրել էի, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն և բուժվում են մեր կենտրոնում, և չեմ կարող ազատել, և այդ փաստից հետո գործի դրվեց այն, որ պետք է այստեղ վերանորոգել, որից հետո այստեղ նոր միկրովիրաբուժության բաժանմունք կստեղծվի…

Կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու:  Ես վստահ եմ, որ ռեկտորատում շատ մարդիկ համակարծիք են ինձ հետ, ուղղակի զգուշավորությունից լռում են, քանզի օտարվում է Համալսարանի ևս մեկ տարածք: Եթե նայեք համալսարանական տարածքը պատմական, այն, որ խորհրդային իշխանությունն էր թողել,  համարյա ամբողջովին օտարված է, չեմ ուզում կրքեր բորբոքել… հիմա էլ այս տարածքը»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը նշեց, որ սա քաղաքական խնդիր չէ, միշտ հարգել է իշխանություններին, կարող է շատ բաների հետ համակարծիք չլինել, բայց միշտ լուռումունջ կատարել է իր գործը:

«Ես այստեղ որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, այստեղ զուտ աշխատանքային խնդիր է, որ եթե այսքան շատ ուզում են մեզ վտարեն և դրանից  երջանիկ կլինեն, ապա նույն պայմաններով պետք է ապահովեն իմ աշխատակիցներին և կլինիկական օրդինատորներին: Թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով, ես 68 տարեկան եմ և այսքան ժամանակ որևէ մեկի կառուցած տունը չեմ քանդել: Մենք պետք է մեր խնդիրները լուծենք օրենքի և արդարության սահմաններում, առողջ եղեք»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում