Թրյուդոն Հռոմի Պապին հորդորել է ներողություն խնդրել Կանադայի հնդկացիներից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ ինքը խնդրում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին գալ Կանադա և ներողություն խնդրել հնդկացիների հանդեպ եկեղեցու գիշերօթիկ դպրոցների գործողությունների համար, որտեղ հայտնաբերվել էին հարյուրավոր երեխաների աճյունները: Associated Press-ի լուրը տարածել է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ Թրյուդոյի, կանադացիները սարսափում և ամաչում են իրենց կառավարության վարած քաղաքականությունից, երբ նախկինում բնիկների երեխաներին ստիպել են այցելել այդ հաստատություններ:

Այս շաբաթ կանադայի հնդկացիների առաջնորդները հայտարարեցին ավելի քան 600 երեխաների մնացորդների մասին, որոնք հայտնաբերվել են Մարիևանի գիշերօթիկ դպրոցում, որը գործում էր 1899-1997 թվականներին: Մայիսին 215 մնացորդներ էին հայտնաբերվել Կամլուպսի հնդկացիների համանման հաստատությունում, որը գործում էր 1890-ից 1969 թվականներին: Բնիկների ներկայացուցիչները նույնպես Հռոմի պապին կոչ են արել ներողություն խնդրել եկեղեցու գործողությունների համար:

19-րդ դարից մինչև 1970-ականներն ավելի քան 150,000  հնդկացի երեխաների ստիպում էին հաճախել գիշերօթիկ դպրոցները: 130 նման հաստատություններից երեք քառորդը ղեկավարում էր կաթոլիկ եկեղեցին:

Նման հաստատությունները վատ էին ֆինանսավորվում, երեխաները հաճախ ենթարկվում էին վատ վերաբերմունքի, շատերը սովից, վարակիչ հիվանդություններից՝ ներառյալ տուբերկուլյոզից էին մահանում:

Ճմարտության և հաշտեցման հանձնաժողովի զեկույցի համաձայն, բնիկների երեխաների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցների շահագործման ընթացքում առնվազն 3.2 հազար երեխա  է մահացել՝ հաստատություններում չարաշահման և խնամքի բացակայության պատճառով:

Կամլուպսում աճյունները հայտնաբերելուց հետո Ֆրանցիսկոսը ցավակցություն հայտնեց և կոչ արեց հետաքննել միջադեպը, բայց նրա ներողությունը ֆորմալ էր: