Քարտեզներն ապացուցում են, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները. Արտակ Զաքարյան

Գերիներին կարող էին վերադարձնել հինգ-վեց ամիս առաջ՝ նույն ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու եղանակով, բայց թույլ են տվել, որ տղաները տանջվեն, կտտանքների ենթարկվեն, որովհետև դա պետք էր իրականացնել ընտրություններից մի քանի օր առաջ՝ «հասարակության աչքին թոզ փչելու համար, մարդկանց նորից խաբելու համար»։ Այսօր ասուլիսում ասաց  «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների դիմաց 15 հայ  ռազմագերիների վերադարձին։

Պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց, որ քարտեզները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն, քանի որ շատ երկար ժամանակ ոչ միայն ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի հատվածի ականապատ տարածքները, այլև խոր թիկունքային ճանապարհների ականապատումները Ադրբեջանին ստիպել էին զերծ մնալ ռազմական գործողություններից։

«Քարտեզները ապացուցում են նաև, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները։ Այն, որ ասում են՝ ինժեներական սա չի եղել, այն չի եղել, ականապատումը ինժեներական աշխատանքների մի հատվածն է համարվում։ Մոտ 97 հազար ականների մասին է խոսքը՝ միայն Ակնայի ուղղության վրա»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի համար կարևոր է շատ արագ վերաբնակեցնել Ակնան, որովհետև այն դարձել է սպառնալիք Արցախի համար։

«Դրա համար կապիտուլյանտներից գնել են այդ քարտեզները, սա էլ վաճառել է այդ քարտեզները, եթե այսպես կոպիտ ասենք, քանի որ եթե մտածեր մեր երիտասարդների կյանքի մասին, գերիներին շուտ վերադարձնելու մասին, վաղուց այդ հարցը կլուծեր, որևէ քննարկում չէր լինի»,- ասաց Արտակ Զաքարյանը։