Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրների լուծման կոնկրետ քայլեր. Լավրով

Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման վրա։ Երեկ (Ադրբեջանի նախագահ հետ հանդիպմանը- ՏԱՍՍ) մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան մեզ հարցեր լուծել: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել»,- ասել է Լավրովը:

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»։

Բայրամովը հաստատել է, որ կողմերը կուտակել են բավականին մեծ թվով հարցեր` հաշվի առնելով լայն օրակարգը, ներառյալ իրավական դաշտի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների որոշումների կատարումը՝ Ղարաբաղի հետ կապված։