Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանության համար. Ռոբերտ Քոչարյան
Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելը իմ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս իմ հայրենիքի առջև և կարող եմ ազատ, հանգիստ ապրել իմ անձնական կյանքով ։ Բայց այն, ինչ եղավ , այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել ։ Հակառակը կլինի դասալքություն։ Այս մասին հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։
Անդրառնալով ղարաբաղյան խնդրին Քոչարյանը նշեց․
«Ղարաբաղի ապագան, անկեղծ պետք է ասեմ, բավական մշուշոտ է։ Ստորագրված պայմանագրով 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Որևէ մեկդ լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ։ Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած։ Պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Մենք կարող ենք դա անել», – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է. «Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանը իշխանության մնալու առումով: Իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր, մյուս օրը 40 օր եւ այդպես շարունակ: Ուրեմն ամեն օր սոցցանցերում դրեք օրերի այդ հետհաշվարկը: Սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը:
Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու, լավ եղեք: Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:
Հանրահավաքի ներկաները սկսեցին վանկարկել «Հայաստան», «Քոչարյան»:
Մանրամասն՝ տեսանյութում։

