Նիկոլը ստի, կեղծիքի աննախադեպ մարմնավորում է․ Բաբկեն Հարությունյան

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ կամ պետք է երկիր կորցնենք, կամ էլ կուսակցական մեծ ու փոքր շահերը մի կողմ դնենք ու ամեն ինչ անենք թուրքահպատակ իշխանություններից ազատվելու համար»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ «Հայելի» ակումբում պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու պատճառների մասին հարցին։

Նա ընդգծեց՝ պատերազմից ամիսներ անց էլ անընդհատ նոր խնդիրներ են առաջանում, պատերազմն իրականում չի ավարտվել, թշնամին հասել է Սյունիք ու ամեն ինչ անում է առաջանալու համար։

«Հաշվի առնելով այս ամենը՝ մենք նման որոշում ենք կայացրել։ Անելու ենք առավելագույնը էս ազգադավ իշխանություններից ազատվելու համար։ Ես լավատես եմ, Նիկոլը այլևս Հայաստանի վարչապետ չի լինելու»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության անդամը։

Անդրադառնալով հարցին, որ վարչապետի պաշտոնակատար լինելն հակաօրինական է, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է դեռ ընդդիմադիր Փաշինյանը, Բաբկեն Հարությունյանն ասաց. «Նիկոլը ստի, կեղծիքի աննախադեպ մարմնավորում է։ Փաստերը շատ-շատ են»։