Պետք է պարզել, թե ի՞նչ լեգիտիմ նպատակի հասնելու համար է հանրայնացվել, հրապարակվել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթը

1․ «Անվտագության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենք

Հոդված 4. Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը և անցկացումը

«14. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը»:

2․ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

Հոդված 2.Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը

«Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար…»

3․ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 306.

Պետական գաղտնիք հրապարակելը

1․Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ուստի։

Վկայակոչված օրենքներից պարզ է դառնում, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակի կողմից հրապարակված ԱԽ նիստի արձանագրության ինչ-որ հատված հրապարակելը, հանրայնացնելը առնվազն մի քանի դրվագով խախտել է վկայակոչված օրենքների համապատասխան դրույթները։ Նման կարեւոր փաստաթղթի հետ այս աստիճան դիելետանտ պահվածքը պետք է խորը եւ համապարփակ քննության առարկա դառնա։

Պետք է պարզել, թե ի՞նչ լեգիտիմ նպատակի հասնելու համար է հանրայնացվել, հրապարակվել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթը։ Եթե նույնիսկ վարչապետի հրամանով է տեղի ունեցել համապատասխան բացառության ամրագրումը, ապա նաեւ պետք է հասկանալ եւ քննել այն լեգիտիմ նպատակը, որին հասնելու համար վարչապետի հրամանով տեղի է ունեցել բացառություն։

ՀՀ իրավասու մարմինը պետք է հրապարակումից վայրկյաններ անց արդեն իսկ զբաղվեր հրապարակված նյութերի ուսումնասիրությամբ՝ վերջիններիս իրավական գնահատական տալու նպատակով։ Մինչեւ այժմ արդեն պետք է հարցաքննված լինեին առնվազն ՀՀ ԱԽ քարտուղարը, ինչպես նաեւ Հանրապետության վարչապետը։

 

Հրանտ Սարկիսով