Արցախի լուծարումից և օկուպացումից հետո Իրանը պահանջում է դուրս բերել ահաբեկիչներին և Իսրայելին
Մինչ թուրքերն ու կովկասյան թաթարները ուրախանում են հայ ժողովրդի նկատմամբ իրենց «հաղթանակով» և նույնիսկ դեկտեմբերի 10-ին Բաքվում համատեղ ռազմական շքերթ կազմակերպեցին, աշխարհը շրջվում է թուրքերի և կովկասյան թաթարների դեմ: Ինչպես սպասվում էր, Իրանում հնչել է առաջին ազդակներից մեկը (դեկտեմբերին, և այն էլ Թուրքիայի և կովկասյան թաթարների համատեղ «ուրախության» նախօրեին):
Իրանի Մաժլեսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամադ Բաղեր Կալիբաֆը Թեհրանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Բաքվի հանրապետությունում» ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի շարժումների առկայությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Իրանական Mehr News գործակալությունը հաղորդում է, որ Կալիբաֆը, գոհունակություն հայտնելով տարածաշրջանում զինադադարի հայտարարման կապակցությամբ, նշել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդը, Իրանի խորհրդարանը, կառավարության պաշտոնյաները և երկրի ժողովուրդը մտահոգված են Ադրբեջանում վերջին հակամարտություններով և խստորեն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կարևոր խնդրին»:
Իր հայտարարության մյուս մասում Իրանի խորհրդարանի խոսնակը մատնանշելով երկու երկրների երկար և խոր մշակութային ու կրոնական կապերը՝ ավելացրել է. «Երկու երկրների բարձր հնարավորություններն ու ներուժը պետք է օպտիմալ օգտագործվեն տնտեսական զարգացման, քաղաքական, սոցիալական և մշակութային համագործակցության մակարդակը բարձրացնելու համար: Երկկողմ հարաբերություններում առաջնահերթությունը պետք է լինի միջսահմանային համագործակցությունն ու երկաթուղային երթուղիների փոխկապակցումը»: Կալիբաֆը շեշտել է երկկողմ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը` երկու երկրների շահերի ապահովման համաձայն և ավելացրել. «Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները համապատասխան քայլեր են ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ»:
Իր հերթին, «Բաքվի հանրապետության» արտգործնախարարը սկզբում ձևացրել է, թե Բաքուն դատապարտում է իրանցի հայտնի միջուկային և պաշտպանության ոլորտի գիտնական, նահատակ Ֆահրիզոդայի սպանությունը՝ նշելով, որ այդ ահաբեկչությունն անընդունելի է, և «Ադրբեջանի ժողովուրդը խոր ափսոսանք է հայտնել այս լուրը լսելուց հետո»: Բայրամովը, իհարկե, ստում է. կովկասյան թաթարները սրտանց ուրախ են, որ իսրայելցիները սպանել են իրանցուն, քանի որ Իսրայելը կովկասյան թաթարների հավերժական դաշնակիցն է՝ միշտ մասնակցելով կովկասյան թաթարների կողմից հայերի դեմ վարած ցանկացած պատերազմի: Ավելին, շուտով Իսրայելն անպայման մղելու է կովկասյան թաթարներին Արցախի օկուպացված տարածքից Իրանի դեմ դիվերսիաների և զինված սադրանքների կազմակերպմանը։
Բայրամովը նաև մատնանշել է Իրանի Իսլամական Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղ լուծման առաջարկները, և ավելացրել է. «44-օրյա պատերազմում Իսլամական հեղափոխության առաջնորդի, նախագահի, օրենսդիրների և ժողովրդի ստանձնած դիրքերը վճռական աջակցություն էին Ադրբեջանի հանրապետությանը»: Դե ինչ, դա դաժան և դառը ճշմարտություն է: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Իրանին, որ պատերազմի օրերին պաշտոնական Թեհրանը, թեկուզ խոսքով (չնայած կան այլ օգնության փաստեր…), անվերապահ աջակցություն է ցուցաբերել կովկասյան թաթարներին: Հարցը, թե ինչու է Իրանը դա արել՝ խոսակցության առանձին թեմա է: Բայց փաստը մնում է փաստ. տեսնելով, թե ինչ ազգային դավաճաններ են նստած Երևանում և ինչպես են նրանք վաճառում արցախահայությանը, Իրանը շտապել է այնպես անել, որ իր հյուսիսային սահմանում տեղակայված լինեն կովկասյան թաթարների և Թուրքիայի զորքերը, ոչ թե «սկանդինավյան զորամիավորումներ» ՆԱՏՕ-ից:
Սակայն Mehr News գործակալության հետևից՝ Մուհամադ Բաղեր Կալիբաֆի հայտարարություններից մենք միտումնավոր առանձնացնում ենք հենց այն նախազգուշացումը, որ «Բաքվի հանրապետությունում» ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի շարժումների առկայությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Այս տեսքով Իրանը կովկասյան թաթարներից պահանջել է, որ իրենք կամովին Արցախից վտարեն ահաբեկիչ-թուրքոմաններին, որոնց Թուրքիան բերել է տարածաշրջան, ինչպես նաև դադարեցնեն ռազմական և հետախուզական համագործակցությունը Իսրայելի հետ: Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հումանիտար գիտությունների Ռուսաստանի պետական համալսարանի դոցենտ Լանա Ռավանդի-Ֆադայը վերջերս հարցազրույցում հրապարակավ հայտարարել է, որ «Իրանը քննադատորեն է նայում Ադրբեջանի և Ամերիկայի միջև սերտ հարաբերություններին և հատկապես Իսրայելի հետ, Իրանը տեսնում է, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքում կռվել է իսրայելական զենքով»: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է. «Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմին և դրան հարակից ահաբեկչական խմբավորումներին հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռ հստակ ազդանշաններ չկան օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների դուրսբերման վերաբերյալ: Ընդհակառակը, առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել ահաբեկչական գրոհայինների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել դրանց Արցախի օկուպացված շրջաններում»:
Իրանը փաստացի միացել է Հայաստանի և Ռուսաստանի պահանջներին` հեռացնել թուրք ահաբեկիչներին Արցախից և ընդհանրապես Անդրկովկասից: Ափսոս, որ միայն Արցախի օկուպացումից հետո …
Սերգեյ Շաքարյանց

