Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը
Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու մտադրությունը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում։
«Ադրբեջանը գերիների և պատանդների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման կողմնակիցն է»,- ասվում է երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:
Գերատեչությունից ընդգծել են, որ մարտերի գոտում անհայտ կորած զինծառայողների հարցով շփման մեջ են գտնվում ռուս խաղաղապահների հրամանատարության հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

