Այսօր Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն է և Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օրը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Մայր աթոռի  տեղեկացմամբ, Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ:

Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա բարեպաշտ ժողովրդին և հայրենի մեր երկիրը: