Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կհամակարգի Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները

Սրբազան պատերազմը` հանուն հայոց ազատության և արժանապատվության, շարունակվում է։
Պատմության կամոք` Սյունիքը կրկին ամենազոր ու անմիջական թիկունքն է հերոսական Արցախի։ Այս մասին գրել է «Սյունյաց երկիրը»։

Դրանով էր, ըստ էության, պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի այցը Գորիս։
Վարչապետի այցից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, ով մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։
Սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռևս պատերազմի առաջին օրերից։
Այդպես է վարվել Հայաստանի կենտրոնական իշխանությունը 1990-ականների պատերազմի ընթացքում, ինչպես և 1918-19 թթ. Զանգեզուրյան գոյամարտի տարիներին։
Այնպես որ` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ողջունում ենք և մաղթում հաջողություններ, նաև համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին Սյունյաց աշխարհի հերոսական ոգին կուղղորդի անմնացորդ նվիրումով։

***

Այսօր  գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը   հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին և կարևորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը, քանզի ամենքիս և յուրաքանչյուրիս նպատակը մեկն է` ՀԱՂԹԱՆԱԿ։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, հիվանդանոցնաև քաղաքացիական հիվանդանոց։