Աննա Հակոբյանի հրաժարականը, կորոնավիրուսն ու ԱՆ ոլորտը քանդելու հետևողականությունը (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, որի հետ խոսեցինք կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների, ծրագրերի մասին, որքանո՞վ են դրանք արդյունավետ։ Վարչապետը արդյունավետ գնահատեց դրանք՝ ասելով, որ ռազմավարության մասով ամեն ինչ ճիշտ են արել։ Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հետևություններին՝ վարչապետը նշեց՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ երկրների մեծ մասը կորոնավիրուսի իրական ցուցանիշներ չի հրապարակում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը այդ երկրների թվին չի պատկանում: Այն, ինչ գիտի Կառավարությունը կորոնավիրուսի թվերի հետ կապված՝ գիտի հանրությունը։ Նունե Ներսիսյանի դիտարկմամբ՝ մի խումբ բժիշկներ շուտով կհրապարակեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ՀՀ կառավարությունը ևս ազնիվ ու թափանցիկ չի եղել կորոնավիրուսի թվերի հետ կապված։
Վարչապետի մյուս հայտարարությունն այն էր, որ կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ գործիքը դիմակն է։ Մինչդեռ մյուս երկրներում համալիր միջոցառումներ են իրականացվում, իսկ մեր կառավարությունն ու ՏԻՄ-երը իրենց պարտականությունները չեն կատարում։ Բայց տուգանվում են միայն հասարակ քաղաքացիները՝ դիմակ չկրելու համար և տնտեսվարողները։
Անդրադարձանք դպրոցներում դիմակ կրելու անհրաժեշտությանը։ Նունե Ներսիսյանն ասաց, որ այդ բոլոր միջոցառումներն ի չիք են դառնում, երբ դասերից հետո երեխաներն առանց դիմակների խաղում ու շփվում են իրար հետ։ Հետևաբար դպրոցներում նրանց դիմակ պարտադրելը ինքնանպատակ է։
Խոսեցինք Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելու որոշման և վարչապետի արձագանքի մասին, որը հանձնարարել է երկարացնել տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Ինչո՞ւ էր Արսեն Թորոսյանը շտապել ձերբազատվել նրանից, որից հետո բժիշկները համատարած սկսեցին դիմումներ գրել աշխատանքից ազատվելու մասին։
Ի՞նչ առնչություն ունի «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու Աննա Հակոբյանի որոշումը այդ բժշկական կենտրոնում տեղի ունեցածի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում

