Լավագույն լրագրողից ամենասկանդալային քաղաքական գործիչ. «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը
Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնությունը մեկ տարի մեդիադաշտում իրականացված մոնիտորինգի արդյունքներն ամփոփեց տարբեր անվանակարգերով՝ լավագույն լրագրողից մինչև ամենասկանդալային քաղաքական գործիչ։
«Իրականում լրագրողների աշխատանքը շատ քիչ է գնահատված, բոլորը դա ընդունում են որպես կարգ, որ լրագրողները կան և պետք է աշխատեն։ Ոչ ոք չի մտածում, որ լրագրողը գիշեր-ցերեկ վազվզում է, գործ է անում, որ քաղաքացիներն ունենան թարմ ինֆորմացիա։ Եվ մենք ցանկացանք կրկին խրախուսել լրագրողներին, ցույց տալ, որ իրենք ոչ միայն չեն մոռացվել, այլև մարդիկ հետևում են իրենց աշխատանքին և գիտեն՝ ով է կանգնած այս կամ այն նյութի հետևում և ինչ ջանք է գործադրվել, որ այդ նյութերը, հաղորդաշարերը հասնեն իրենց հասցեատիրոջը՝ քաղաքացիներին»,- նշեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը։
«Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվեց 9 անվանակարգ՝ 6-ը լրատվադաշտին վերաբերող, 3-ը՝ քաղաքական գործիչներին։
Եվ այսպես, «Կայուն զարգացող լրատվական» մրցանակը ստացավ Antifake.am կայքը: «Լավագույն լրատվական» անվանակարգում հաղթեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:
«Մի անգամ մեր ժամանակակից մտավորականներից մեկն այսպիսի մի հետաքրքիր բան ասաց՝ տղաս, աղմուկի մեջ խոսելը շատ դժվար է, ձեզ մոտ դա ստացվում է։ Ինձ համար դա «Արմնյուզի» աշխատանքի յուրօրինակ գնահատական էր։ Երբ ես մտնում եմ վարսավիրանոց տեսնում եմ «Արմնյուզ» է միացված, անցնում եմ փողոցով տեսնում եմ մրգի խանութում «Արմնյուզ» է միացրած, դա ինձ համար ամենակարևոր գնահատականն է։ Փաստորեն, մարդիկ աղմուկի մեջ ընտրում են այդ խոսքը»,- ասաց «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանը։
«Արմնյուզի տնօրենը» վստահեցնում է՝ հեռուստաընկերության թիմն ամեն ինչ անելու է մարդկանց սպասումներն արդարացնելու համար, իսկ նոր եթերաշրջանում ավելի հետաքրքիր նախագծեր են լինելու եթերում։
«Լավագույն հեռուստամեկնաբան» մրցանակը ևս «Արմնյուզ» հեռուստաընկերությանը բաժին հասավ, մասնավորապես, «Օրախնդիր» հաղորդման հեղինակ Դավիթ Սարգսյանին։
««Մեդիա պաշտպանը» գիտենք, որ ավանդաբար մոնիտորինգ է անում լրատվամիջոցները և «Արմնյուզի», հատկապես՝ իմ հեղինակային հաղորդման նկատմամբ այս ուշադրությունը շատ ոգևորիչ է։ Եթերում միայն երևում է հեղինակը, բայց իրականում աշխատում է մեծ ստեղծագործական կոլեկտիվ և սա ամբողջ «Արմնյուզի» հաջողությունն է»,- ասաց Դավիթ Սարգսյանը։
«Լավագույն հետաքննող լրատվական» մրցանակին արժանացավ Hetq.am-ը, «Լավագույն ֆոտոլրագրողը»՝ Գևորգ Ղազարյանն էր, իսկ «լավագույն լրագրող» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթից Հռիփսիմե Ջեբեջյանը։
«Ամենասկանդալային քաղաքական գործիչ», ըստ «Մեդիա պաշտպանի»՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։
«Ճիշտն ասած՝ սկանդալային մի քիչ վիճելի է, բայց եթե այդպես եք որոշել՝ ենթարկվում ենք։ Ես կտրուկ գնահատականներ եմ տալիս երբեմն, նաև պատկերավոր խոսքի սիրահար եմ, դրա համար ինչ-որ սկանդալներ են առաջանում, բայց ավելի շատ սկանդալներ են առաջացվում, քան ես եմ առաջացնում»,- ասաց պատգամավորը։
«Ամենաքննարկվող քաղաքական գործիչը» պարետ Տիգրան Ավինյանն էր, «Ամենադրական հանրային գործիչը»՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

